ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով

Արմեն Սարգսյանն ակնկալում է, որ իր և ԱՄՆ նախագահի համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից

«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար: Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը: Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»,– ասել է նախագահը:

Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրիչների քվեարկության արդյունքներով հաղթել էր Բայդենը, սակայն Թրամփը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:

Բայդենն ասել է, որ Թրամփը «մեծահոգի» գրություն է թողել

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, Թրամփը դատապարտեց Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններն ու խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Ջո Բայդենն ու Կամալա Հարիսը հունվարի 20–ին երդվեցին ու ստանձնեցին ԱՄՆ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։