«Դատողությունները դուրս են հարցի բովանդակությունից». ՌԴ դեսպանատան պատասխանը «Հրապարակին»

Հայաստանում ՌԴ ներկայացուցչությունից հայտնում են, որ խորին հարգանքով են վերաբերվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին և որևէ կերպ չեն խոչընդոտում խոսքի ազատությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի` իրենց ուղղված այսօրվա պատասխանին` կրկին հիշեցնելով, որ թերթը տարածել է կեղծ տեղեկատվություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի գործունեության մասին։

«Ցանկանում ենք պարբերականի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ժողովրդավարության և խոսքի ազատության մասին մեր նամակի պատասխան հրապարակման մեջ առկա դատողությունները դուրս են հարցի բովանդակությունից»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հնարավոր է` «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնի գործունեությունը Ռուսաստանում

Դեսպանատնից հայտնում են, որ խորին հարգանքով են վերաբերվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին և որևէ կերպ չեն խոչընդոտում խոսքի ազատությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի դեսպանությունը «Հրապարակ» օրաթերթից խնդրել էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին հնչած մեղադրանքների համոզիչ ապացույցներ տրամադրել կամ պաշտոնական հերքում հրապարակել։

Ի պատասխան «Հրապարակ» թերթը գրել է, որ իրենք ընդամենը հարցեր են ուղարկել և դեսպանատունը՝ որպես դիվանագիտական ներկայացուցչություն, կարող է պատասխանել կամ չպատասխանել։ «Ինչպես մեր իրավունքն է տեղեկատվություն փոխանցել մեր հասարակությանը այն ամենի մասին, ինչը նպատակահարմար ենք գտնում։ Իսկ մենք նպատակահարմար ենք գտնում ներկայացնել հայաստանյան ներքաղաքական իրողությունները, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի վերաբերմունքը ձեր պետության, ձեր պետությունը ներկայացնող դեսպանի կամ մեկ այլ պաշտոնյայի նկատմամբ»,–ի պատասխան խնդրանքի գրել է թերթը։

Հիշեցնենք, նաև, որ ամեն ինչ սկսվել է «Հրապարակ» թերթի`  «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածից, որտեղ գրել են. «Իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։ Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից և մասնավորապես Հայաստանում ՌԴ դեսպանից»։

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

Հոդվածում նշվում էր, թե ՀՀ–ում ՌԴ դեսպանը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ և անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։