Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել է մեքենայում. մանրամասներ

Երիտասարդ տղամարդու ձեռքին ատրճանակ է եղել։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik.Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։

«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում ատրճանակ է եղել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել):

ՔԿ–ն հայտնում է, որ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Ապրեսյանի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր armtimes.com–ը։

Արցախում 3 տարեցի ու 1 զինվորի մարմին են հայտնաբերել