Արցախում փոխվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը. ևս 2 նախագիծ է ընդունվել

Փոփոխվել են դրոշմանիշային վճարները, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառվել են մեկ միասնական՝ Ներքին գործերի նախարարության կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի Sputnik. Արցախում զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի: ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արցախի խորհրդարանն այս մասին օրենքի նախագիծ է ընդունել այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում։

Օրենքի կարգավորումները կտարածվեն  2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: Քննարկման արդյունքում՝ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

ԼՀԿ–ի երրորդ նախագիծը մերժվեց. այն անհետ կորածների ընտանիքների փոխհատուցմանն էր վերաբերում

Արտահերթ նիստի օրակարգում քննարկվել է նաև «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող  փոփոխությունը պայմանավորված  է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

«Ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի` կախված եկամտի չափից սահմանել 1500-15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ սկսած 18000-180000  դրամ։ Կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը կարող է դիմել պաշտպանության նախարարություն, ստանալ տեղեկանք և դիմել հիմնադրամին` հատուցում ստանալու համար։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում»,- պարզաբանել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը։

 Նա նշել է, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար:

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

Նախագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն քվեարկության արդյունքում:

16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենսդիրը հավանության է տվել մեկ այլ նախագծի, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում։