Անդրանիկ Փիլոյանն ու Բելառուսի դեսպանը հանդիպել են. ի՞նչ է խոստացել Կոնյուկը

Արտակարգ իրավիճակների նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ:

«Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով: