Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը

Հունվարի վերջին կկայանա Արցախի հարցերով հայ–ռուս–ադրբեջանական աշխատանքային խմբի առաջին նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Չի բացառվում, որ Վարդենիս–Մարտակերտ և Մարտակերտ–Ստեփանակերտ (Ասկերանի ճանապարհով) երթևեկության վերականգնման հարցը դառնա քննարկման առարկա Արցախի հարցերով եռակողմ աշխատանքային խմբում։ Sputnik Արմենիայի հարցմանն այսպես են պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  գրասենյակից։ 

Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ փակել էին ռուս խաղաղապահների կողմից ուղեկցվող ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը։

Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ

Ակցիայի մասնակիցները դիմել էին խաղաղապահներին` խնդրելով աջակցել հայերի համար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող ճանապարհների (Մարտակերտ–Վարդենիս, Մարտակերտ–Ասկերան–Ստեփանակերտ) բացման հարցում։ Նրանք պարզաբանել են` ինչու ադրբեջանցիները կարող են երթևեկել հայերի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտի շրջանով, իսկ իրենք նման հնարավորություն չունեն։

Sputnik Արմենիան դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով մեկնաբանել հայերի համար այդ ճանապարհները բացելու հնարավորությունը` հաշվի առնելով եռակողմ հայտարարության մեջ նշված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապարգելափակման մասին կետը։

«Չենք բացառում, որ նմանատիպ հարցեր ևս քննարկվեն և լուծում ստանան», - ասվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ստորագրվել։  Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է Արցախի զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապարգելափակում։

Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում

Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Արցախի հարցերով եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խմբի առաջին նիստը կկայանա այս ամսվա վերջին։