Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։