ՌԴ դեսպանությունը խնդրում է, որ «Հրապարակ» օրաթերթը համոզիչ ապացույցներ տրամադրի

«Հրապարակ» օրաթերթը «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» վերնագրով հոդված է հրապարակել։ ՌԴ դեսպանատունը ապացույցներ է ուզում, հակառակ դեպքում պահանջում է պաշտոնական հերքում հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը «Հրապարակ» օրաթերթից խնդրում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին հնչած մեղադրանքների համոզիչ ապացույցներ տրամադրել կամ պաշտոնական հերքում հրապարակել։ Դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում։

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածում գրել էր. «Իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։ Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից և մասնավորապես Հայաստանում ՌԴ դեսպանից»։ Հոդվածում նշվում էր, թե ՀՀ–ում ՌԴ դեսպանը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ և անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։

ՌԴ դեսպանությունը շեշտում է, որ միշտ բաց է զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները:

«Հունվարի 21-ին «Հրապարակ» ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ դեսպանատունը վստահեցնում է, որ իրենք միշտ պատրաստ են աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը: