ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները

Այսկերպ հնարավոր է համավարակների և համաճարակների ժամանակ էականորեն բարձրացնել ՀՀ ԶՈւ բուժծառայողների վարձատրությունը և բուժկանխարգելիչ աշխատանքներին ներգրավել որակյալ կադրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈւ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը: Օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ համավարակների և համաճարակների ժամանակ բուժկանխարգելիչ, տնտեսական, ինժեներատեխնիկական աշխատանքներին ներգրավված անձնակազմը խիստ ռիսկային պայմաններում իրականացնում է բուժկանխարգելիչ և տարաբնույթ ապահովման (սննդի կազմակերպում, հիվանդների սպիտակեղենի և արտահագուստի լվացում, հիվանդասենյակների սպասարկում, կենսաբանական ակտիվ թափոնների հեռացում և այլն) գործառույթներ՝ անմիջական շփման մեջ գտնվելով մեծ թվով վարակակիրների հետ:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով այդ պայմաններում աշխատանքը դիտարկվում է որպես բարձր ռիսկային և վարձատրվում հանրային ծառայության մյուս ոլորտներից ավելի բարձր չափով:

«Խիստ կարևորելով ՀՀ ԶՈւ բուժծառայողների, ինչպես նաև բուժկանխարգելման աշխատանքներին աջակցող անձնակազմի սոցիալական ապահովության հիմնախնդիրները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վարձատրության քաղաքականությունը և դրա լուծմամբ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության գրավչությունը՝ այդ կերպ երաշխավորելով թափուր հաստիքների համալրումը և որակյալ կադրերի ներգրավումը»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է

Նկատի ունենալով, որ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը ներգրավված է նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության համավարակի բուժկանխարգելիչ գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ԶՈւ բուժծառայողներին և բուժաշխատողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով ՀՀ առողջապահական համակարգի այլ բուժաշխատողների վարձատրության չափերի: