Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը` այն ներկայացնելով որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին։ Տեղեկությունը նա հայտել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և  տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է  հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի և  Ադրբեջանի միջև, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ 

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում, Ադրբեջանում և հայկական կողմի առաջարկով կփորձի լինել Արցախում։

Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

«Քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարևոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել և զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց, այլև նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված և  իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը ևս այս աղետալի պատերազմի հումանիտար հետևանքներից  է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–գրել է Զոհրաբյանը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Զոհրաբյանը ասում է, որ ինքն իր ելույթում նշել է նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը` պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են և միջազգային իրավունքի առաջ պիտի ենթարկվեն պատասխանատվության։