ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում հաստատապես հիմնավորվել է` նա ինքնասպանություն է գործել։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Հունվարի 12-ին ՔԿ–ն հայտնել էր, որ Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վարույթը կասեցվել է:
«Այն, որ Կուտոյանն ինքնասպանություն է գործել հաստատվել է ոչ միայն քննչական գործողությունների, այլև փորձաքննության արդյունքում։ Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը չի կարճվել»,–ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է հարուցված քրգործով մանրամասներ չհրապարակելուն, ապա դա, ըստ Մելիքյանի, պայմանավորված է հարազատների խնդրանքով։
Հիշեցնենք` 2020–ի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Հարուցվել էր քրեական գործը Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ինքնասպանության հասցնելը)։
Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ ՀՀ ԱԱԾ–ն նա ղեկավարել էր 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։