Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր

Դեսպանը մանրամասներ է ներկայացրել գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

«Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։

Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով»,-նշված է գրառման մեջ։

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ նա նաև հեռախոսազրույց է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

Ըստ նախկին մարզպետի՝ կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։