Բայդենն ասել է, որ Թրամփը «մեծահոգի» գրություն է թողել

ԱՄՆ-ում ավանդույթ կա` երդմնակալության օրը պաշտոնը լքող նախագահը լավագույն մաղթանքներով ու խորհուրդներով նամակ է թողնում հաջորդ նախագահին: Սովորաբար նամակը թողնում են օվալաձև աշխատասենյակի սեղանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «մեծահոգի» նամակ է թողել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նամակն անձնական է, ես դրա մասին չեմ խոսի, մինչև չզրուցեմ նրա հետ»,-ասել է Բայդենը։

Բայդենի հայտարարությունը հավանաբար հատկապես զարմացրել է նրանց, ովքեր երեկ սոցցանցերում ենթադրություններ էին անում, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, Բայդենին ուղղված երկտողում վատ բաներ է գրել։

Բայդենը չեղարկել է Թրամփի հրամանները

Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան։ Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրիչների քվեարկության արդյունքներով հաղթել էր Բայդենը, սակայն Թրամփը չէր ընդունում ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:

«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, Թրամփը դատապարտեց Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններն ու խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Ջո Բայդենն ու Կամալա Հարիսը երեկ երդվեցին ու ստանձնեցին ԱՄՆ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։