«Այդ նախարարի հետ աշխատել չի լինի». Ամատունի Վիրաբյանը շահել է դատը

Ազգային արխիվի նախկին տնօրենը դեռ չգիտի` կվերադառնա նախկին աշխատանքին, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցերը։

«Դատարանը հունվարի 15-ին է բավարարել մեր բոլոր հայցերը։ Շինծու բոլոր քրեական գործերը կարճվել են հիմքերի բացակայության պատճառով, աշխատանքից ազատելու` նախարարի հրամանը ճանաչել է անվավեր, պարտավորեցրել է վճարել պարապուրդի համար և կայացրել աշխատանքի վերականգնելու որոշում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիրաբյանը։

Սակայն նա դեռ չգիտի` կվերադառնա նախկին աշխատանքին, թե ոչ։

«Անկեղծ եմ ասում` չգիտեմ։ Սա ինձ համար ավելի շատ բարոյական կողմ էր։ Բնականաբար, այն նախարարի հետ, որն ինձ ազատել էր, աշխատել չի լինի։ Բայց փաստ է, որ դատարանը մեր բոլոր հայցերը բավարարել է»,– շեշտեց նա։

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու։

Հիշեցնենք` Ամատունի Վիրաբյանը պաշտոնից ազատվեց 2020 թվականի սեպտեմբերի 8–ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով։ Ստացված տեղեկության համաձայն` Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Ըստ գերատեսչության` «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է շահութահարկի գծով պարտավորություն և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը։