Այվազյանը գերիների հարցով խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

ԱԳ նախարարների զրույցի առանցքային թեմաներից են եղել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը:

Նախարար Այվազյանն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:

«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան