ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։
Նաիրա Զոհրաբյանը հարցրել էր, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը` Շուշին թողնելով մեր վերահսկողության տակ։
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ ԱրցախըՀայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–ի պատասխան Զոհրաբյանի նշեց վարչապետը։
Նրա խոսքով` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, դա միֆ է։ Փաշինյանի վստահեցրեց` միֆ է նաև, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։