«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Թեև նման հարթակներում կարող են ներգրավվել իսկապես խաղաղասիրաբար տրամադրված քաղաքացիներ, բայց նմանատիպ նախաձեռնությունների մեծ մասը քաղաքական շահ է հետապնդում։ Որոշ ժամանակ անց միամիտ, ավելի ճիշտ՝ խաբված մարդիկ հեշտությամբ հասկանում են, թե ինչն ինչոց է։
Sputnik

«Բարի լույս բոլորին, խմբում ճապոնական մշակույթի սիրահարներ կա՞ն», «Հարց հայ աղջիկներին` դո՞ւք էլ եք խնդիրներ ունենում ամուսնու ազգականների հետ», «Իսկ դուք եվրոպակա՞ն նախաճաշ եք նախընտրում, թե՞ մերը՝ կովկասյանը»։ Սրանք Facebook սոցիալական ցանցի խմբերից մեկում հրապարակված հարցերից մի քանիսն են։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Խումբը, որը կոչվում է «Перекресток» («Խաչմերուկ»), ստեղծվել է բոլորովին վերջերս, ունի մոտ 900 մասնակից, մեծ մասը՝ հայեր և ադրբեջանցիներ։ Խումբը, ադմինիստրատորների և մոդերատորների խոսքով, բացել են ժողովուրդների միջև երկխոսություն սկսելու և խաղաղության հասնելու համար։ Քննարկման համար հայտարարված թեմաների թվում սոցիալ-մշակութային բնույթի ամենաանմեղ հարցեր են, օրինակ՝ կովկասյան նախաճաշ, սկեսուրի հետ հարաբերություններ, երթուղային տաքսիներ։

Սակայն անգամ առաջին հայացքից ամենաանմեղ թվացող երկխոսություններում երևում է Ղարաբաղյան հակամարտության ստվերը։ Բոլոր նրանց, ովքեր ջերմեռանդորեն կամ, ըստ խմբի համակարգողների, «ագրեսիվ» պնդում են իրենց կարծիքն ու «ատելություն են տարածում», խմբի ադմինիստրատորներն իսկույն արգելափակում են։ Ի դեպ, խմբի ադմինիստրատորների և համակարգողների թվում ինչպես ադրբեջանցիներ կան, այնպես էլ հայեր։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Facebook-ում և ԶԼՄ-ներում արդեն սկսվել են խմբի հասցեին ակտիվ քննադատությունները. «Ինչպե՞ս կարող եք ընդհանրապես բարեկամանալ մարդասպանների հետ։ Դուք լրի՞վ գժվել եք, թե՞ հիշողություններդ եք կորցրել»։ Մյուսները զգացմունքները մի կողմ են դնում և օգտատերերին խելամտորեն զգուշացնում նման խմբերում հավանական գաղտնի օրակարգի, քողարկված նպատակների, քարոզչության մասին։

Խմբում ընդամենը մի քանի րոպե անցկացնելու ընթացքում մենք տեսանք նաև ադրբեջանցիների ռուսատյաց դիրքորոշումը։ Ներկայացնում ենք մեկնաբանություններից երկուսը. «Եթե Մոսկվան չլիներ, մեր ժողովուրդները համերաշխ կապրեին», «Հայաստանը միշտ էլ ուզում էր մեզ վերադարձնել մեր հողերը, Ռուսաստանն էր խանգարում»։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Ավելին`ըստ նրանց` Արցախի Հադրութի շրջանում (Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում) տեղի ունեցած միջադեպի մեղավորը ոչ թե հարձակում նախաձեռնած ադրբեջանական զինված ուժերն են, այլ ռուս խաղաղապահները։ «Ո՞վ է մեղավոր, որ 62 հայ զինծառայողներ մեզ մոտ գերի են ընկել։ Իհարկե, խաղաղապահերը։ Ռուսաստանը չի ուզում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի», - վստահ հայտարարել է խմբի ադրբեջանցի ակտիվիստներից մեկը։ Հայ մասնակիցները հիմնականում ծուլորեն են պատասխանում նմանատիպ հայտարարություններին, ինչը բավականին կասկածելի է թվում։

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ խմբի բովանդակությանը, բայց շատ է կասկածում, որ հայերն այդ խմբերում իրենց պահում են այնպես, ինչպես պետք է։

«Նմանատիպ հայ-թուրք-ադրբեջանական խմբերում շատ հայեր կարծես փորձում են ամեն կերպ բավարարել մյուս կողմին, երբեմն դա նույնիսկ շողոքորթության է նմանվում։ Շատ կուզեի սխալվել, բայց ինձ թվում է՝ հիմա նման խմբերում մասնակցում են հայկական իշխանությունների կողմից «հավաքագրված» հայերը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նկատմամբ իրենց վախվորած են պահում, նրանց քաղաքականությունը զիջողական է, խաղաղություն քարոզելու փորձ է արվում», - ասաց Իշխանյանը։

«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր

Նա նշեց նաև, որ կարող են հավաքագրված լինել ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները։ Նրա խոսքով` նմանատիպ միջազգային ծրագրերում և քաղաքացիական հարթակներում Ադրբեջանի կողմից հիմնականում մասնակցում են այն անձինք, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, համաձայն են երկրի քաղաքականության հետ, փորձում են Բաքվի համար օգտակար տեղեկություններ ձեռք բերել։

Ըստ նրա` հայերը նման խմբերում պետք է հստակ գիտակցեն սեփական առաջնահերթությունները, որպեսզի հնարավոր լինի խոսել տարածաշրջանում իրական խաղաղության մասին։ Նման նախաձեռնությունների հայ մասնակիցներին, որոնք անկեղծորեն հավատում են կազմակերպիչների հայտարարած նպատակներին, փորձագետը խորհուրդ տվեց ընդդիմախոսների առաջ կոնկրետ հարցեր դնել։

«Առաջինը` Ադրբեջանը պետք է վերադարձնի անխտիր բոլոր գերիներին։ Երկրորդ` Ադրբեջանը պետք է վերջ տա ատելության հռետորաբանությանը, ֆեյք քարտեզների տարածման քաղաքականությանը, չպետք է հավակնի Հայաստանի տարածքներին։ Երրորդ` դուք` որպես ադրբեջանցի, որոնք ուզում են մեզ հետ խաղաղ ապրել, պետք է քննադատեք ձեր իշխանություններին իրենց վայրագության և ագրեսիվ քաղաքականության համար։ Միայն այդ ամենից հետո հնարավոր է երկխոսություն հաստատել։ Սակայն շատ եմ կասկածում, որ հայերից ինչ–որ մեկը նման հարցեր է բարձրացրել», – ասաց իրավապաշտպանը։

«Перекресток» խմբում քարտեզների խնդիրը շատ խիստ է դրված։ Հայերին, օրինակ, արգելվում է հրապարակել Մեծ Հայքի քարտեզները։

«Մեր քարտեզները պատմություն են։ Իրենց քարտեզները` ագրեսիա», – կարճ եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Խաղաղասեր գործիչներ միշտ են եղել, կան ու կլինեն բոլոր երկրներում։ Ընդամենը մեկ օր առաջ մենք ստամբուլցի լրագրող Սևան Դեյիրմենճյանի հետ հարցազրույց էինք հրապարակել։ Նա իրապես նկատել էր, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ «դատապարտված է հարևանության»։

Ղարաբաղյան հակամարտություն. Նուրգալիևն ասել է` ինչ էր առաջարկում ՌԴ–ն 2016 թվականից հետո

«Մենք պարտավոր չենք սիրել իրար, բայց մենք պարտավոր ենք գտնել իրար հետ ապրելու, համակեցության ուղիները։ Ուրիշ ճանապարհ չունենք, ուղղակի չունենք։ Մենք երկխոսություն պետք է սովորենք, բարդը սա է, և այդ բարդը պետք է անենք հանուն Հայաստանի, հանուն մեր երկրների ու հանրությունների առողջացման», – ասել էր լրագրողը։

Այդ օրը նշվում էր «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր, ժողովուրդներին երկխոսության կոչ անող Հրանտ Դինքի սպանության տարելիցը։ Նրան, ի դեպ, տանել չէին կարողանում ոչ միայն թուրք, այլ նաև հայ ազգայնականները։ Սակայն նման միայնակ խաղաղարարները քիչ բան կարող են անել, եթե մի պետության քաղաքականությունը միտված է իրավունքի ոտնահարմանը, մյուս երկրի ժողովրդի ու մշակույթի ոչնչացմանն ու վերացմանը։ Եվ եթե նման պետության հասարակությունը ոչ միայն չի քննադատում սեփական իշխանությանը, այլև ինքն է այլատյացություն, ագրեսիա դրսևորում, ապա զրույցները կարող են սահմանափակվել ձվածեղի ու երթուղային տաքսիների թեմաների շուրջ քննարկումներով, բայց ոչ մի կերպ չեն կարող մերձեցման, վստահության ու խաղաղ համագոյակցության մթնոլորտ ձևավորել։