Սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ-ը ներկայացրել է խախտումները

ՀՀ ՄԻՊ–ի համոզմամբ` ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հիմնարար սկզբունքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.

  1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո։
  2. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը։
  3. Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ,  հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով։
  4. Սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։
  5. Տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները  պետական գրանցման են ենթարկվել Խորհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:
  6. Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ: Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ: Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.
  7. Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:
  8. Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։
  9. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Թաթոյանը շեշտում է, որ խոսքը ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին է:

Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ

«Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար: Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված (մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված) իրավունքները:  Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,–գրել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ի համոզմամբ` ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով: