ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում աշխատող ռուս սակրավորները տեղանքի ստուգման ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ զինամթերք, հակամարտող կողմերի շփման գծում՝ չպայթած արկեր, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:
Ականապատված են հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող բազմաթիվ ճանապարհներ։
«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ» (զենք, որը միջազգային իրավունքն արգելում է օգտագործել խիստ բնակեցված շրջաններում. ծնթ․՝ «РГ»),-ասել է Ստավիցկին։
Լաչինի միջանցքի տարածքում` մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ արկեր, որոնք սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,-ասել է հրամանատարը:
«Պատահում են արտասահմանյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի մնացորդներ՝ դրանցում տեղադրված զինամթերքով», - հավելել է նա:
Որոշ «գտածոներ» ենթակա չեն փոխադրման և ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մյուսները պայթեցնելուց առաջ տեղափոխվում են ոչնչացման համար հատուկ սարքավորված հարթակներ։ «Սակրավորները խիզախություն են դրսևորում ՝ աշխատելով բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում, հաճախ ականներ հայտնաբերելով ձյան տակ, ինչը բարդացնում է որոնումն ու վնասազերծումը։ Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունը` հսկայական, բայց մեր ռազմական ինժեներները շատ լավ են հասկանում խնդրի կարևորությունը», - ասել է նա։
Բացի այն, որ աշխատանքը բարդացնում են եղանակային պայմանները, գեներալը հայտնել է, որ սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», բազմաթիվ չպայթած արկեր, ինչպես նաև հաստիքային փաթեթավորմամբ արկեր:
Ավելի վաղ Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել էր 29-ամյա ռուս զինվորական, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման խմբի հրամանատար, կապիտան Վիտալի Մորոզը, որը 12 տարի ծառայում էր ՌԴ ԶՈւ շարքերում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա փոքր որդի և կին ունի։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: