Ռամզան Կադիրովը սարսափելի լուսանկար է հրապարակել ու գրել ավազակախմբի ոչնչացման մասին

Ասլան Բյուտուկաևը հետախուզման մեջ էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի զոհ էր դարձել 37 մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Չեչնիայում չեզոքացվել է Ասլան Բյուտուկաևի` վեց հոգուց բաղկացած ավազակախումբը, որի անդամների նկատմամբ դաշնային հետախուզում Էր հայտարարվել: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ավազակախմբի վերջը տվել են։

Հատուկ գործողությունն իրականացվել է Կատար-Յուրտ գյուղի ծայրամասում: Կադիրովը պատմել է, որ անձամբ է մասնակցել պլանի մշակմանը. իրավապահները վաղուց էին պատրաստվել գործողությանը։

Բանդայի անդամներին չի հաջողվել թաքնվել ուժայիններից, ոչնչացված գրոհայիններից մի քանիսի ինքնությունը հենց տեղում էլ պարզվել է։

«Մենք կատարեցինք Չեչնիայի Հանրապետությունում կարգուկանոն հաստատելու և ահաբեկիչներին ոչնչացնելու խնդիրը, որն առաջադրել էր գերագույն գլխավոր հրամանատարը։ Դաշնային հետախուզման մեջ գտնվող բոլոր գրոհայինները՝ Բյուտուկաևի գլխավորությամբ, ոչնչացված են», - նշել է Կադիրովը։

Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ԱՄՆ-ն ներառել է սև ցուցակում

Նրա խոսքով՝ ինքն անձամբ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել ավազակախմբի ոչնչացման մասին։ Պետության ղեկավարը Կադիրովին շնորհավորել է Ասլան Բյուտուկաևի ավազակախմբի ոչնչացման կապակցությամբ:

«Զգաստ կանգնած»․Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ հատուկ գործողության բոլոր մասնակիցները կարժանանան պետական պարգևների, քանի որ խոսքը Չեչնիայի վերջին ամիրի մասին է, որը հայտնի է որպես ահաբեկիչ և որին արդեն տևական ժամանակ փնտրում էին:

Ասլան Բյուտուկաևը հետախուզման մեջ էր 2011-ի հունվարին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի զոհ էր դարձել 37 մարդ:

Կադիրովն ասել է, որ Չեչնիայի բնակիչներն իր հետ միասին ուզում են պատժամիջոցների ենթարկվել