Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի ժամանակ

ՀՀ վարչապետն անդրադարձավ Ռուսաստանի օգնել-չօգնելու հարցին և խոսեց հայ–ռուսական համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց անվտանգային թիվ մեկ մարտահրավերն ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել». Փաշինյանը հայտնեց` երբ է հրահանգ տվել հետ քաշվել

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ պատերազմից հետո նոր մարտահրավերներին դիմագրավելու խնդիր ունենք, և ՀՀ–ն որևէ ժամանակ չի կարող երաշխավորված լինել արտաքին ագրեսիայից։ Նա հետաքրքրվեց` մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է զենք ու զինամթերք տրամադրել, վերականգնել մեր պոտենցիալը։

«Շատ են հարցնում, թե կառավարությունն ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի հարցում աջակցության համար։ Կա մի պարզ պատճառ` մարտական գործողությունները 99 տոկոսով տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի` մեզ օգնել-չօգնելու հարցին` վարչապետը պատասխանեց, որ մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: Նա վստահեցնում է, որ երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ։ Ըստ Փաշինյանի` այդ գործողությունների դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում:

«Հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է: ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն»,–ասաց նա։

«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան