ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին Այվազյանը խոսել է Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների հետ

ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը` ընդգծելով դրա դրույթների իրականացման կարևորությունը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Այվազյանը շեշտել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այվազյանն անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը` ընդգծելով դրա դրույթների իրականացման կարևորությունը, մասնավորապես, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:

Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը:

Այվազյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման ջանքերը:

Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ