Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է այցելել այն երկրները, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: Նրա շրջագայությունը պլանավորվում է հաջորդ շաբաթ, հայտնում է Fars գործակալությունը։

«Հաջորդ շաբաթ ես պլանավորում եմ այցելել Կովկաս և Ռուսաստան», - հայտնել է Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է այցելել այն երկրները, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

«Հակամարտությունը մտել է մի նոր փուլ». Այվազյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

Ընդ որում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի նշել Հարավային Կովկասի երկրներ և Ռուսաստան այցերի ճշգրիտ ամսաթիվը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Զարիֆը Մոսկվա կայցելի հունվարի 26-ին:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։