«Հերիք է ասեք Շուռնուխ». Փաշինյանը չասաց` Տիգրանաշենին սպառնո՞ւմ է Շուռնուխի ճակատագիրը

Նիկոլ Փաշինյանը հարցնում է` ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց հստակ պատասխանել ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին:

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

«Երբեմն տպավորություն է ստեղծվում` ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ։ Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Այն ժամանակ, որ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն։ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:

«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ։ Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է։ Է, կողմ չքվեարկեիք»,–հավելեց նա։

Փաշինյանն ասաց` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կան տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. ինչո՞ւ նման հարցեր չեն բարձրացնում։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։