Հայաստանը չունի այն կշիռը, որ ԱՄՆ-ն առանձին քաղաքականություն մշակի մեր երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իսրայելագետ Բենիամին Պողոսյանը` անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին և նոր ղեկավարի պաշտոնավարման տարիներից Հայաստանի ակնկալիքներին։
Նրա խոսքով` 2019-ին մեկնարկած ռազմավարական երկխոսության գործընթացը, տարբեր կրթական ծրագրերն ու USAD-ի ակտիվ գործունեությունն իներցիոն բնույթ են կրում, ինչպիսիք ԱՄՆ-ն ունի գրեթե ցանկացած պետության հետ։
«Որպեսզի հասկանանք, թե Բայդենի քաղաքականությունն ինչպիսին կլինի մեզ համար, մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին կլինի Բայդենի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։
Իսրայելագետի կարծիքով` ԱՄՆ նորընտիր նախագահը նախ կփորձի ուժեղացնել սեփական դիրքերը` վերականգնելով դաշնակցային հարաբերությունները և քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ մտնելու ուղղությամբ` առաջ քաշելով որոշակի նախապայմաններ։
«Այդ պահանջների թվում կլինեն միջուկային անվտանգության հարցերը։ Ամենայն հավանականությամբ ամերիկացիները ՌԴ-ին կառաջարկեն նաև դուրս գալ Ուկրաինայի հարավ-արևելքից, մասնավորապես, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից, և այս կամ այն տարբերակով այդ հանրապետությունների վերաբերյալ վերականգնել Ուկրաինայի վերահսկողությունը»,- նշեց իսրայելագետը։
Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան
Խոսքն, իհարկե, Ղրիմի մասին չէ. այդ հարցն, ըստ Պետրոսյանի, երկար ժամանակ փակ կմնա։ Եվ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ամերիկացիներն էլ էականորեն կնվազեցնեն 2014-ից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որի համար 1-1.5 տարի կպահանջվի, իսկ դա նշանակում է` առնվազն այս ընթացքում Հարավային Կովկասում ԱՄՆ-ն շատ ակտիվ չեն լինի։
Հիշեցնենք` հունվարի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։