ՌԱԴԻՈ

Առաջատարների հարցում իրավիճակը փոխվում է. տնտեսագետը` խոշոր հարկատուների մասին

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների տասնյակում ընդգրկված ընկերությունների գործունեությանն ու ոլորտային նկարագրին։
Sputnik
Առաջատարների հարցում իրավիճակը փոխվում է. տնտեսագետը` խոշոր հարկատուների մասին

Արմեն Քթոյանի դիտարկմամբ`  թեև 1000 խոշոր հարկատուների տասնյակի փոփոխությունն ընդգծված որակական տարբերություններ չի բնութագրում, բայց եթե համեմատենք 2018, 2019 թվականների միտումները, ապա զուտ տասնյակի կողմից վճարված հարկերի ընդհանուր մեծության առումով կա որոշակի աճ։ 

«Խոշոր հարկատուների առաջին տասնյակը վճարել է նույնքան հարկ, որքան նախորդ տարի, իսկ եթե փորձենք մասնակիցների առումով որակական տարբերություններ կամ տեղաշարժ տեսնել, ապա իմ կարծիքով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ օրինակ վերջին տարիների ընթացքում տասնայկի մեջ որոշակիորեն թուլանում է ենթակառուցվածքային կազմակերպությունների կամ բնական մենաշնորհների դերակատարումը»,– նշեց տնտեսագետը։ 

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հայտնի են. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Քթոյանը մատնանշեց այն իրողությունը, որ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ–երի սպառողների շրջանակն ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունն է, ուստի նրանք ավանդաբար վճարում են շատ հարկեր և ցուցակի ակնհայտ առաջատարներից էին, բայց հիմա իրավիճակն աստիճանաբար փոխվում է։

«Նախկինում անվիճելի առաջատարներ էին հանդիսանում հանքարդյունաբերական ընկերությունները, բայց այստեղ վերջին տարիների ընթացքում նրանց հետ հաջողությամբ մրցակցում են նաև որոշ արտադրողներ, ինչպես օրինակ` «Գրանտ Տոբակոն», որն այս տարվա ցուցակում արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նախկինում անվերապահ առաջատարների մի բնորոշ գիծ կար. դրանք ենթակառուցվածքային կազմակերպություններ էին, առաջատարի համարում ունեին, որովհետև զբաղվում էին ներմուծմամբ և արտահանող կազմակերպություններ գրեթե չկային, կամ քիչ կային, մինչդեռ հիմա արտահանողների դերը փոքր ինչ ավելի ակնառու է»,– նշեց տնտեսագետը։

Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները

Քթոյանի գնահատմամբ` այդուհանդերձ խոշոր հարկատուների տասնյակն ընդհանուր առմամբ շատ խորքային պատկերացում չի կարող տալ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին, թեև կարելի է որոշ ենթադրություններ անել, որոնք բնականաբար հետագա ճշգրտումների կամ ավելի խորը, բովանդակային հետազոտության կարիք ունեն։