ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը։
Պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին։ Դրանով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը կկարգավորի ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները։
«Պայմանագիրը ենթադրում է Միության ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու հնարավորություն ազգային արտոնագրային գերատեսչություններից ցանկացածում», - ասել է նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ ապրանքային նշանների մասին պայմանագիրը
Հրապարակումից և համապատասխան ծանուցումից հետո բոլոր գերատեսչություններն իրականացնում են ապրանքային նշանի փորձաքննություն: Նրանց որոշումների հիման վրա գերատեսչությունը, որտեղ ներկայացվել է հայտը, որոշում է` գրանցել ապրանքային նշանը, թե ոչ։