Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով

Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչները փակել էին ադրբեջանական շարասյան ճանապարհը և ռուս խաղաղապահներին խնդրել հավասար պայմաններ ապահովել կողմերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արցախի բնակիչները ցանկանում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով անցնել այնպես, ինչպես ադրբեջանցիներն են անցնում Մարտակերտի շրջանով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ մեկնաբանելով Արցախի Դրմբոն գյուղի մոտ տեղի ունեցած ակցիան։

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները

Նշենք, որ երկու օր առաջ Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչները փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական մեքենաների շարասյան ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները դիմել են ռուս խաղաղապահներին՝ խնդրելով թույլ տալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհներով հայերի տեղաշարժը։

«Եթե իրենք գալիս մեր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնում են, ապա մենք ինչի՞ չենք կարող իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնել»,–ասաց Բախշիյանը։

Գյուղերի բնակիչները նամակ են փոխանցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին` իրենց աջակցելու խնդրանքով։ Առայժմ խաղաղապահների կողմից պաշտոնական արձագանք չի եղել։

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ

«Զինվորական ձևով ասած` զեկուցել ենք, սպասում ենք պատասխանի»,– նշեց Բախշիյանը։

Նա կարծում է, որ եթե եռակողմ կողմերի հայտարարության համաձայն տարածաշրջանում բոլոր ճանապարհները պետք է բացվեն, ապա այդ սկզբունքն այժմ աշխատում է միայն ադրբեջանցիների համար:

Խոսքը ոչ միայն հայերի համար Մարտակերտից ու Ստեփանակերտից Քարվաճառով (Քելբաջար) Վարդենիս ճանապարհի բացման, այլև Ակնայի (Աղդամ) շրջանով Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղու մասին է։

Ադրբեջանցիները հիմա խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիսի կողմից դեպի Քարվաճառ շինարարական նյութեր են տանում։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։