Տեխզննման կտրոնները պետք չեն լինի․ ոստիկանությունն «ընթացքում» է ստուգելու մեքենաները

Փոխվում է ավտոմեքենաների տեխզննման հաճախականությունը․ նոր մեքենաները զննում կանցնեն թողարկման 4–րդ տարում, մինչև 10 տարվա արտադրության մեքենաները` երկու տարին մեկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik.Հայաստանի իշխանությունը մտադիր է հրաժարվել մեքենայի դիմապակու վրա փակցվող տեխզննման կտրոններից և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն առաջարկվող փոփոխություններն այսօր ներկայացրեց Ազգային ժողովում։

Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով

Սիմոնյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են երկրի միջազգային պարտավորություններով։

«Առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով։ Քարտը էլեկտրոնային տարբերակով է լրացվում ու պահվում տվյալների բազայում», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում ճանապարհային ոստիկանությունը կկարողանա էլեկտրոնային տարբերակով ստուգել մեքենաներն ու չկանգնեցնել դրանք։

Փոխվելու է նաև տեխզննում անցկացնելու հաճախականությունը։ Առաջարկվում է առաջին տեխզննությունն անցկացնել ավտոմեքենայի թողարկման չորրորդ տարում, մինչև 10 տարվա արտադրության մեքենաների դեպքում` երկու տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում` տարեկան մեկ անգամ։

Հանրային ուղևորափոխադրման համար նախատեսված մեքենաները մինչև 10 տարի շահագործվելը պետք է տեխզննում անցնեն տարին մեկ անգամ, իսկ 10 տարի շահագործումից հետո` տարեկան երկու անգամ։

Ընդհանուր առմամբ հանրապետությունում շուրջ 50 տեխզննման կայան կա։

Նշենք, որ ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում տարեկան 72-73 հազար վթար է տեղի ունենում։ 2019 թվականին ավտովթարի զոհ է դարձել 343 մարդ։ Տարբեր գնահատականների համաձայն՝ վթարների մոտ 30%-ի պատճառը մեքենայի անսարքությունն է։

«Բալային համակարգը կմնա թղթի վրա». «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասել է` ինչու