ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են տելեգրամ-ալիքներում տեղ գտած վերջին տեղեկությունները` հավելելով, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։
Տեղեկացվում է, որ տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ։
«Նույնկերպ՝ իրականության հետ որևէ աղերս չունի մեկ այլ հրապարակում, թե իբր ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց։
Հիշեցնենք, որ հունվարի 16–ին ՀՀ վարչապետը Սուրեն Սահակյանին նշանակել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։