Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ հայտնեց Արթուր Դավթյանին

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը նշեց, որ բացարկի միջնորդության պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատախազի հարաբերություններն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նա խնդրեց հեռացնել նրանց վարույթից։

Ինչպես անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան. տեսանյութ

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին։

Ալումյանը նշեց, որ բացարկի միջնորդության պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատախազի հարաբերություններն են։

«Նրանք այնպիսի հարաբերությունների մեջ են, որ Փաշինյանը կարող է դատախազին հրավիրել իր մոտ և քննարկել քրեական որոշ գործերի ընթացքը։ Դա հակասում է իրավական նորմերին»,–ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` Արթուր Դավթյանի պահվածքը կարող է առնվազն կասկածի տակ դնել, որ նա իշխանության ազդեցության տակ է։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։

Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը մեկնարկել է այսօր` ժամը 13։00-ին։

«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան