Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին ներկայացնելիս:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պետք է ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարին

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,–ասաց վարչապետը` նշելով, որ այդ ռեստարտն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան

Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։