Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա

Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի խոսքով` Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Նա նշել է, որ Հայաստանի կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է և Սխերմերսին առաջարկել է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա

«Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - դեսպանին ողջունելով` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդեռլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև  աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Փաշինյանն ուզում է նիդեռլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա

Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը:

Նիդեռլանդների պատգամավորներն Արցախի վերաբերյալ բանաձև են ընդունել