Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն է պետք մեզ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով պարտություն կրեցինք, այսօր էլ ներկայիս իշխանությունը «Լռում ենք» կարգախոսի ներքո է գործում։ Օհանյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում։

Պարտության վրա ավելի շատ մարդ կորցրեցինք, քան հաղթանակի. Վազգեն Մանուկյան

Նշենք, որ այսօր` ժամը 13։00-ին, նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։ Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն»,–ասում է Օհանյանը։

Նա նշեց` ՀՀ իշխանության փոխվելու մասին ուրախությամբ չի խոսում, պարզապես ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն է պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հունվարի 11-ին ստորագրած փաստաթղթով հակառակորդն ընդլայնելու է թուրք-ադրբեջանական տանդեմը։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին` Օհանյանը նշեց` այնտեղ, որտեղ ադրբեջանական զինվորները կկանգնեն, հետագայում դժվար կլինի նրանց ստիպել, որ հետ քաշվեն։