Դա ընդունելի մոտեցում չէ. Թաթոյանը՝ գերիների թիվը չհրապարակելու պատճառաբանության մասին

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը ՀՀ–ում Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված: 

«Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, հրապարակայնորեն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ»,-նշված է գրառման մեջ։

Թաթոյանը շեշտել է, որ պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ ու հավելել, որ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ:

Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: