«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում միասին ենք եղել». Օհանյանը մանրամասներ հայտնեց

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պատմեց, թե ինքն ու Արգիշտի Քյարամյանն ինչ են արել Շուշիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատում է` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ Շուշիում միասին են եղել։ Օհանյանն այդ մասին հայտնեց լրագրողներին` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է ասում Քյարամյանը, որ Շուշիում Օհանյանի հետ է եղել պատերազմական օրերին։

Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան

«Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում իրար հետ ենք եղել, և ինչպես ինքը, այնպես էլ ես հրամանատարին ենք աջակցել։ Դեռ ավելին` հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում Քյարամյանը հանդերձավորվել, գնացել է համապատասխան աշխատանքներ անելու։ Մասնավորապես ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների մասով է ինչ–ինչ բաներ արել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան իր մեքենայով դուրս են եկել և տարբեր խնդիրներ են նորից կատարել։ Իսկ նոյեմբերի 7-ին Քյարամյանն Օհանյանին խնդրել է իրեն Երևան տանել, ինչն էլ արել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, թե իբր Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել են Շուշիի մարտական գործողության վայրը։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քյարամյանը ներկայացրել էր իր վարկածը՝ պատմելով, որ իրավիճակի վատթարացումից հետո ինքը մեկնել է Շուշիի, որտեղ արդեն ստեղծվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած աշխարհազորը։ Շուշիի վրա հակառակորդի հարձակման օրը Քյարամյանը, Օհանյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի զինվորականները եղել են շտաբում, կեսօրին այնտեղ է եկել նաև Վանեցյանը։

Այդ օրը Քյարամյանը տեսել է պաշտպանության մեկ հարմար դիրք և գնացել, որպեսզի լրացուցիչ ուժեր բերի այնտեղ տեղակայելու։ Երբ վերադարձել է, իմացել է, որ Վանեցյանը շտաբում է, իսկ մի քանի ժամ անց պարզվել է, որ նա մեկնել է Ստեփանակերտ։ Ավելի ուշ Քյարամյանը պարզել է, որ Շուշիի տեղակայման վայրում Վանեցյանի մարդկանցից մնացել են ընդամենը 20-ը, իսկ մի քանի ժամ անց իմացել է, որ նրանք էլ են լքել տարածքը։

Ինչ էր անում Արգիշտի Քյարամյանը Շուշիում. Վանեցյանի կուսակցությունից պատասխանել են