ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 114 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 50 116 արցախցիներ:
Մեկ օրում ականազերծվել է 15,5 հեկտար տարածք, 4,5 կմ ճանապարհ, 19 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 36 պայթունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահների հատուկ խումբը զոհվածների դիերի որոնողական աշխատանքներ է իրականացնում Քելբաջարի շրջանի լեռնային տարածքում, որի միջին բարձրությունը 3358 մ է։ Զոհվածների մարմինների տեղափոխումը կատարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 566 հեկտար տարածք, 210 կմ ճանապարհ, 802 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 759 պայթունավտանգ առարկա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են