ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ մոտակայքում պատմական հուշարձաններ կան։ Այս մասին ԱԺ-ում Ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացնելիս ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն ՝ Ամուլսարի հարևանությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները Գորայք և Գնդեվազ համայնքներում գտել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձաններ:
«Գորայք համայնքում կազմվել է 29 վկայություն, որոնցից նախարարության մասնագետները քննարկել են 19-ը։ Դրանք հուշարձանների կարգավիճակ են ստացել» , - ասաց Բագրատյանը։ ։
Իսկ Գնդեվազի տարածքում 26 վկայություններ են կազմվել։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 3–ը։ Բագրատյանը նշեց, որ մնացած գտածոներին կարգավիճակ տալու հարցը դեռ պետք է քննարկվի։
Պատգամավորի խոսքով` միջազգային բազմաթիվ փաստաթղթերի համաձայն` Հայաստանը ստանձնել է պատմական հուշարձանների մոտակայքում հանքերի շահագործում չիրականացնելու պարտավորություն: Այդ կապակցությամբ հանձնաժողովը կարծիք ստանալու համար գտածոների մասին փաստաթղթեր է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ։
Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել
«Պատասխան ենք ստացվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է», - ասաց Բագրատյանը:
Հիշեցնենք` 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։
Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:
2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։
Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: