ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 41-ամյա տղամարդը կալանավորվել է՝ զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթացել է Հրազդան քաղաքի բնակչուհու հետ և իմացել, որ վերջինիս զինծառայող որդին մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո նրանից տեղեկություն չկա, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:
«Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. նոյեմբերի վերջերին, իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ։ Հրազդանի բնակչուհին գումարը փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները
ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտարարում է՝ եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, թող դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ՀՀ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին:
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է նմանատիպ հարցերով չհամագործակցել որևէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին: