Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, որում նրանք արձագանքել էին ՀՀ արտգործնախարարի՝ Ստեփանակերտ կատարած այցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Նա այդ մասին ասել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

Հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։

Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։

«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա այնպիսի պատճառներ չեմ տեսնում, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում Բաքվում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», - ավելացրել է Լավրովը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան