ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ տեղեկացրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մեկնաբանելով գերիների թվի չհրապարակման պատճառները։
Նշվում է` հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են գործընկերներին։ Դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) փոխանցվել են ամբողջական ցանկերը:
«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- նշված է պարզաբանման մեջ:
Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները
Նշենք, որ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հայկական կողմից գերիների ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն տրվել։ Եվ արդյունքում փոխանակվել են նրանց, ովքեր մասնակից էին մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։ Բայց, նրա խոսքով, հիմա գլխավոր խնդիրը դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարվածներն են։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո եղել են Հադրութում, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։