ՌԱԴԻՈ

Համավարակի տեսքով ֆորսմաժորային վիճակը կարող է խառնել բոլորի խաղաքարտերը. Մադոյան

«Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում գարնանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարին, ինչպես նաև «Իմ քայլի» պատգամավորների վարքագծին, որոնք լքում են խմբակցությունը։ 
Sputnik
Համավարակի տեսքով ֆորսմաժորային վիճակը կարող է խառնել բոլորի խաղաքարտերը. Մադոյան

Գոռ Մադոյանի դիտարկմամբ` եթե երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները խստացվեն կամ համաճարակի նոր ալիք սկսվի, ընտրություններ չեն կարող անցկացվել։ Ըստ նրա` ներկա պահին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են և պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, քանի որ երկիրը քաղաքական առումով վերբեռնման կարիք ունի, սակայն առկա է ֆորսմաժորային իրավիճակ համավարակի տեսքով, ինչը կարող է խառնել բոլորի քաղաքական խաղաքարտերը։ 

«Այդ առումով խոսել արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին ճիշտ չէ։ Շատ ավելի տրամաբանական է, որ եթե ամեն ինչ գնա այս տեմպերով, այսիքն` համաճարակային վիճակը թուլանա և քաղաքական ուժերը, գոնե դրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ գան կոնսենսուսի, նույնիսկ լռելյայն կոնսենսուսի` առանց հայտարարությունների, գուցե այդ դեպքում լինեն ընտրություններ, բայց կոնկրետ ժամկետների առումով կան բազմաթիվ հարցականներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով և հնարավոր չէ դրանք բոլորը հաշվարկել»,– նշեց վերլուծաբանը։ 

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. նա դուրս էր եկել «Իմ քայլից»

Անդրադառնալով «իմքայլական» պատգամավորների խմբակցությունից դուրս գալու խնդրին` Մադոյանն ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ–ում մեծամասնություն է, ձևավորվել է հեղափոխության արդյունքում և ընդհանուր էյֆորիայի տակ այնտեղ բավականին տարասեռ պատգամավորներ են հայտնվել, որոնք կուսակցական կուռ համակարգ չեն տեսել։ Ուստի շատ բնական է, որ երբ նվազել է հանրային լեգիտիմությունը պատերազմից հետո, նրանք պետք է դուրս գային խմբակցությունից և ներկայանային որպես անկախ պատգամավորներ։

Վերլուծաբանի կարծիքով` անկախ պատգամավորների ինստիտուտը խնդրահարույց է։ Ըստ նրա` եթե պատգամավորները կուսակցություններ չեն ձևավորելու և եթե խոսվում է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու մասին, հետևաբար անկախ պատգամավորների պարագայում ռեյտինգայինի գաղափարն, ըստ էության, այլևս չի գործի։

Մադոյանի խոսքով` նրանց, ովքեր 2018 թվականին ընդունում էին պատգամավորական մանդատն ու նշում, որ ծառայում են մեկ գաղափարի և կիսում են նույն քաղաքական ծրագիրը, իհարկե ոչ ոք չէր խոստացել, որ քաղաքական պատասխանատվությունը միշտ պետք է լինի քաղցր ու ցանկալի։ Նրանք կիսում էին միայն լավը, իսկ վատի դեպքում հեռացան պատասխանատվությունից։ 

Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է