ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը հիվանդանոցում բուժվում է նոր տիպի կորոնավիրուսից, առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես ՀՀ նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։
Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։
Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։