Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ արդեն ստորագրել է նշանակման հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նա մասնագիտությամբ իրավաբան է, Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։

Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, ապա Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Շուրջ 10 տարի եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը` կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն ՀՀ ամենահին դեղագործական ընկերությունն է, այն դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից