ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի` «Իմ քայլը լքած» Աննա Գրիգորյանը զբաղեցրեց պատգամավորի մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի տեղը։ ԱԺ նիստի սկզբին հայտնեց ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը։ Ըստ որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Աննա Գրիգորյանին»,–ասաց Միրզոյանը։
Աննա Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հնչեցրեց մանդատը ստանալու երդման տեքստը:
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 18-ին Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սյունեցիներին, գրել էր, թե մանդատ իրենց քվեով նրանք տվեցին իրեն, և նրանց իսկ պահանջով էլ վայր է դնում այն։ «Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու։ Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,–գրել էր նա։
«Մենք մի քանի ուղղությամբ կատարել ենք սխալ հաշվարկներ». իմքայլական պատգամավոր
Իսկ ահա դեկտեմբերի 29-ին Գրիգորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: Նա էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե երկրի համար այս դժվարին և պատմական պահին իր պարտքն է համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։