ԱԺ նիստը թեժ է անցնում` հնչում են փոխադարձ մեղադրանքներ. ԼՀԿ–ի հերթական նախագիծը մերժվեց

ԱԺ նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանն իշխանությանը մեղադրեց ընդդիմությանը լռեցնելու մեջ։ Լիլիթ Մակունցը վստահեցրեց` Մարուքյանը լարվածության էսկալացման է փորձում տանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. 76 դեմ, 37 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները մերժեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հերթական նախագիծը` «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը սահմանելու մասին» ԱԺ օրակարգում ներառելու հարցը։

ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը

Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր և իմքայլական պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռևս 2020-ի նոյեմբերի 14-ին ԼՀԿ–ն ճանապարհային քարտեզ ներկայացրեց, որտեղ նշված էր՝ ինչպես դուրս գալ իրավիճակից։

«Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումներ չենք ունենալու։ Մեր պնդումը օրերս` հունվարի 11-ին, դարձավ իրողություն։ Իշխանությունները ոչ մի քայլ չեն արել ներքին համերաշխության հասնելու համար, ինչպես նաև հումանիտար, տնտեսական, առողջապահական և այլ խնդիրները լուծելու համար։ Դուք շարունակում եք լռեցնել ընդդիմությանը։ Գնալով ավելի վատն եք դառնում»,–ասաց Մարուքյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց` հանձնաժողովն իր բացասական եզրակացությունն է տվել նախագծին։ Հարցն այն է, որ երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը, ըստ նրա, չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը։

Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց` «Իմ քայլի» հետ բանակցելու համար։ Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքներից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու համար: Նրա խոսքով` ընդդիմության հնչեցրած թեզի առնչությամբ, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, որևէ առարկություն չեն ներկայացրել՝ ասելով, որ պատրաստ են արտահերթ ընտրության վերաբերյալ քննարկումների:

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. նա դուրս էր եկել «Իմ քայլից»

«Այժմ ԼՀԿ-ն ասում է՝ այդ ամենը մի կողմ դնենք, քննարկենք այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Ձեր առաջարկը ոչ թե խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանն են միտված, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը։ Մենք դեմ ենք քվեարկելու նախագիծն օրակարգում ներառելու հարցին»,-ասաց Մակունցը։

Մարուքյանն էլ հավելեց, որ «Իմ քայլը» Սահմանադրության ներսում եղած գործողություններն է մերժում։ Նրա խոսքով` իմքայլականներն իրենց քվեարկությամբ սահմանադրական հունը փոխում են։

ԱԺ պատգամավորները, ի վերջո, մերժեցին ԼՀԿ-ի նախագիծը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մերժվել էր նաև ԼՀԿ-ի մեկ այլ՝ «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» նախագիծը ԱԺ օրակարգում ներառելու հարցը։