Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ․ Թորոսյանի հրաժեշտը

Նախկին նախարարը նորանշանակ նախարարին շնորհավորել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:

«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

Մի ձևախեղեք օրակարգերը. Արսեն Թորոսյանը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։