ՌԱԴԻՈ

Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միացյալ ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցերին և ընդդիմության վարած մարտավարությանը։
Sputnik
Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` երբ պայքարը սկսվեց, նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներն էին, և պետք է նշել, որ դեկտեմբերի երկրորդ կեսից մինչև հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում, ինչպես ցույց են տվել նախորդ երեսուն տարիները, պայքարը հաջող չի ստացվում, որովհետև դա, ըստ Բադալյանի, քաղաքական տեսանկյունից մեռած սեզոն է համարվում, սովորաբար ցրտի պատճառով ակտիվ գործողություններ չեն իրականացվում։

Պարտության վրա ավելի շատ մարդ կորցրեցինք, քան հաղթանակի. Վազգեն Մանուկյան

«Քանի որ եղանակները հետզհետե տաքանում են, Հայրենիքի փրկության շարժման պայքարը բնականաբար կարող է ակտիվանալ։ Ընդդիմությունը մեկնել է մարզեր, որովհետև չի կարելի շարժումը զուտ որպես երևանյան շարժում ներկայացնել, ի վերջո սա միայն երևանցիների խնդիրը չէ, այլ ամբողջ հանրապետության, հետևաբար եթե ուզում ես որևէ գործողություն կատարել, չես կարող հենվել միայն Երևանի վրա, այլ պետք է ընդգրկես պայքարի հնարավորինս լայն տարածք, որպեսզի իշխանության դեմ ձեռնարկվող գործընթացն աջակցություն ստանա մարզերում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանը նույնիսկ տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ կուսակցությունների ղեկավարների մակարդակով նախորդ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին մարզային այցեր չեն կայացել, և բոլորն էլ տեսան, որ միայն Երևանի վրա կենտրոնանալը ոչ մի արդյունք չտվեց։

«Կողքից տեսանելի է, որ միացյալ ընդդիմությունն ունի միաժամանակ թե՛ Երևանում, թե՛ մարզերում պայքարելու կազմակերպչական, ֆինանսական, լրատվական, ինտելեկտուալ և մարդկային ռեսուրս, այլ բան է, թե ինչպես է այդ ռեսուրսն օգտագործվում պայքարը ճիշտ իրականացնելու համար։ Չէի ասի, թե այդ ռեսուրսը կիրառվում է իդեալականորեն, որովհետև պետք է տիրապետել նաև օգտագործման մեթոդներին»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` Հայաստանում այժմ առաջացել է քաղաքական ճգնաժամ, իշխանությունը թույլ է այնքան, որ վարչապետը չի կարողանում որոշ մարզեր գնալ, նա մերժված է հայկական ինստիտուտների կողմից, բայց դեռ ուժեղ է այնքան, որ պահպանում է պաշտոնը, իսկ ընդդիմությունն ուժեղ է այնքան, որ իշխանությունը չի կարողանում ճնշումների միջոցով նրան ամբողջովին կազմաքանդել, բայց նաև թույլ է այնքան, որ չի կարողանում տապալել իշխանությանը։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ`իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ունեն պարտված կարգավիճակ, ինչը պատային իրավավիճակ է ստեղծում, և այսպես, ըստ նրա, երկար չի կարող շարունակվել, իրավիճակը պետք է հանգուցալուծում ստանա։

Հիշեցնենք` Վազգեն Մանուկյանն օրերս այցելել էր Գյումրի, այնուհետև Վանաձոր։