Նեապոլն աչալուրջ է․ հասարակ իտալացիները բացահայտել են Ադրբեջանի դեսպանության կեղծիքը

Դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի դեսպանությունը Նեապոլի քաղաքային խորհրդին շնորհակալություն էր հայտնել գոյություն չունեցող բանաձևի համար: Ֆեյքը բացահայտել են ոչ թե հայ դիվանագետները, այլ հասարակ իտալացիները, որոնցից մեկը դպրոցի ուսուցիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իտալիայում Ադրբեջանի դեսպանությունը խորամանկ ֆեյք–արտահոսք է կազմակերպել՝ ուղղված Իտալիայի հայ համայնքի դեմ:

Դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի դեսպանությունը Twitter-ում հայտարարություն էր հրապարակել` Նեապոլի քաղաքային խորհրդին շնորհակալություն հայտնելով ադրբեջանական ժողովրդի հետ համերաշխության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար։

Հետո հայտարարությունը ջնջվեց (հիմա դեսպանատան էջում այն արդեն չկա)։

Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան

Դեկտեմբերի 30-ին քաղաքի խորհուրդն իսկապես բանաձև է ընդունել, սակայն դրանում, հակառակը, խոսվում էր Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ու հակամարտությունն առանց ուժի կիրառման լուծելու անհրաժեշտության մասին։

Կարդալով այս հայտարարությունը (որը կրկնում ենք` շուտով անհետացավ) տեղի հայերը և նրանց աջակցող իտալացիները սկսեցին «ծախու բանաձևի» մասին վրդովված նամակներ գրել Նեապոլի քաղաքապետարանին, քանի որ ոչ բոլորն էին ստուգել, թե իրականում ինչ է գրված այնտեղ։ Չի բացառվում, որ հենց այդպես էլ հաշվարկված էր․ հայերին ներկայացնել սադրիչներ, որոնք իրենց նեղություն չեն տվել ուշադիր կարդալ բանաձևը, և որոնց աչքին ամեն տեղ ադրբեջանական խարդավանքներ են երևում։

Սադրանքի համար շատ լավ ժամանակ էին ընտրել։ Իտալացիները (հատկապես հարավում) Ծննդյան տոներն ու Ամանորը նշում են հավուր պատշաճի` դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ ծնունդ, 26-ին՝ Սուրբ Ստեֆանի օրը, ապա՝ Նոր տարի, հետո, հունվարի 6-ին՝ Աստվածահայտնության տոն, իսկ հունվարի 7-ին՝ Ազգային դրոշի օր։ Տոների թեժ շրջանում ոչ ոք չէր ուսումնասիրելու, թե ինչ է գրել Ադրբեջանի դեսպանատունը 10 օր առաջ և հետո ինչն է ջնջել։

Արդյունքում նեապոլիտանական թերթերից մեկը՝ «Campo di Sud»-ը, «տեղը դրեց» ոչ մի մեղք չունեցող քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսին․ «Տեղի ունեցածից վատ հոտ է գալիս, և ոչ միայն գազի»,-գրված էր հոդվածում։

Ադրբեջանի բանաձևի մասին հոդված հրապարակեց նաև «Politicamente Corretto» պարբերականը։ Մի քանի օր անց Հռոմի հայ համայնքը նույն պարբերականում հանդես եկավ հերքումով։ Բարեբախտաբար, նրանք պահել էին Ադրբեջանի դեսպանատան` Twitter-ում հրապարակված հայտարարության սքրինշոթը, որը բանաձևի իրական տեքստի հետ կցել էին իրենց հայտարարությանը։

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղն այն տարածաշրջանն է, որտեղ պատմականորեն մեծամասամբ հայեր են ապրել, և ընդգծվում է ինքնորոշման իրավունքը դեռ 80-ականներից։ ՄԱԿ-ի բանաձևերի մասին նույնպես հիշատակվում է, բայց չեզոք համատեքստում․ «Այդ հարցով ՄԱԿ-ը չորս բանաձև է ընդունել, ինչպես նաև արտահայտվել է ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցային գործընթացի շրջանակում»։

Ազդեցության ի՞նչ միջոցներ է կիրառում Սորոսի հիմնադրամը հետխորհրդային երկրներում

Այնուհետև ասվում է․ «1994 թվականից ի վեր մեկը մյուսի հետևից զինված բախումներ են տեղի ունեցել, մինչև որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ ռազմական գործողությունները վերսկսվեցին և հանգեցրին առնվազն հինգ հազար մարդու մահվան, վնաս հասցրին ենթակառուցվածքներին, տներին ու պատմական հուշարձաններին»։

Այնուհետև բանաձևը Իտալիայի կառավարությանը հորդորում է ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտության կողմերը պահպանեն հրադադարը, առարկայական բանակցություններ սկսեն առանց ուժի կիրառման, հաշվի առնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշումներն ու այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և նրա մշակութային ու կրոնական ժառանգության՝ այդ հողի վրա քրիստոնեության հազարամյա ներկայության վկայության պահպանությանը:

Բանաձևը Իտալիայի կառավարությանը կոչ է անում աջակցել հակամարտությունից տուժածներին (ոչ միայն հայերին. խմբ.) մարդասիրական օգնությամբ ապահովելու գործընթացին, ինչպես նաև աշխատել տարածաշրջանի երկրների հետ Իտալիայի և Եվրոպայի հետ կապված նավթամուղերի և գազատարների անխափան աշխատանքի ուղղությամբ: Ստացվում է` բանաձևն այլ կերպ, քան բացարձակ չեզոք, դժվար է անվանել։

Ափսոս, որ այս ֆեյքն ի հայտ է բերել ոչ թե Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, այլ հասարակ իտալացիները, որոնք հայերին իրենց բարեկամն են համարում։ Նրանցից մեկը իտալերենի ուսուցիչ Կառլո Կոպպոլան է, որն ապրում է Բարի քաղաքում և Հայաստանին նվիրված էջ է վարում։

Կատարվածի մասին նա գրառում է արել և նշել․ «Պետք չէ ծիծաղել հարավի իտալացիների վրա և նրանց բոլորին մաֆիոզներ ու փող լվացողներ անվանել։ Հարավցիները գիտեն, որ կարելի է հարուստ չլինել, բայց արժանապատիվ մարդ լինել»։