Խաշը, թանապուրն ու ավելուկով ապուրը մեր մանկությունն են հիշեցնում։ Նշանավոր ռեստորանների շեֆ խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։
Ռեստորան Gallia
Պուշկինի 40
Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։
Ռեստորան Sorriso Gelato
Հյուսիսային պողոտա 10/5
Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է՝ բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։
Ի դեպ, ինստաէսթետների համար՝ Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։
Սրճարան N’Joy
Ղազար Փարպեցի 4
Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարան՝ ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։ Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։
Ռեստորան Lavash
Թումանյան 21
Կողբացի 30
Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում՝ տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ. ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։
Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի (կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ուզում ես փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։